Փորձագետը կանխատեսում է Ռուսաստանի անկումը
ԱշխարհՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է փոխարինի իր պաշտպանվողական մարտավարությունն ավելի ակտիվ մարտավարությամբ: Արևմուտքը պետք է պատրաստվի Ռուսաստանի խռովություններին և փլուզմանը: Այս մասին «Վարշավայի վեհաժողով 2016. ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Յանուշ Բուգայսկին:
Վերջինը նշել է, որ հիմա բոլորն ուշադրություն են դարձնում Ռուսաստանի մասնակցությամբ անցած բախումներին, դրանց ազդեցությանն ու հետևանքներին, «բայց անցյալի դասերն անցյալ են, ոչ թե ապագա»:
«Հիմա Ռուսաստանը մեծ անկում է ապրում և խռովությունների նոր ժամանակաշրջանն արագորեն մոտենում է: Կրեմլը փորձում է անտեսել այդ անկումը՝ փորձելով քողարկել այն զանգվածային ապատեղեկատվության տարածմամբ` ստեղծելով աշխարհում իր ռազմական հզորության պատրանքն, ինչը մենք տեսնում ենք Սիրիայում և այլ տեղերում»,- նշել է Բուգայսկին:
Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմա «պայքարում է ժամանակի հետ», քանի որ Ռուսաստանը կանգնած է ավելի ուժեղ ներքին կոլապսի առաջ, քան ԽՍՀՄ փլուզումն էր:
«Որպես հետևանք` ՆԱՏՕ-ն պետք է փոխի խաղի կանոնները՝ ռազմավարական ակտիվ քաղաքականությունն ավելի արդյունավետ է, քան պաշտպանվողական ռազմավարությունը»,- հայտարարել է Բուգայսկին:
«ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի պոտենցիալ մասնատմանն, ինչն իրականացվելու է ոչ թե արտաքինից, այլ երկրի ներսից, Մոսկվայի ոչ կոմպետենտ և վատ կառավարման հետևանքով»,- եզրափակել է փորձագետը: