Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am
ՔաղաքականությունՄինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում այն մասին, թե ինչպես է անպատասխանատու քաղաքացիների պատճառով տարածվում կորոնավիրուսային համավարակը, պարզվում է՝ իր իսկ մերձավոր շրջապատում կան անձինք, ում վրա չի տարածվում արտակարգ դրության ու մոլեգնող համավարակի պայմաններում մասշտաբային միջոցառումներ անելու արգելքը: Մարդիկ հարսանիքներ, թերևս, կնունք-ծնունդներ ևս շատ հանգիստ կազմակերպում են: Ավելին, այդ մասին նաև տեսանյութեր են հրապարակում և գովազդում սեփական ռեստորանային համալիրը: Բայց որպեսզի մեզ չմեղադրեն մերկապարանոց հայտարարություններ տարածելու մեջ, խոսենք փաստերով: Այս մասին գրում է 168.am-ը:
«Եվ այսպես, մինչ երկրում մոլեգնող համաճարակը թևակոխել է անկառավարելի փուլ, Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամ, ավելի ստույգ` Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ տղա, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ընտանիքին պատկանող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրում հարսանիքներ են, միջոցառումների հրավերներ։
Ռեստորանային համալիրը, որը պատկանում է Ռաֆիկ Մաշադյանի պետական պաշտոնյա փեսային, գտնվում է քաղաքից դուրս, և, թերևս, նաև հենց այդ հանգամանքով է պայմանավորված պարետատան ու անձամբ վարչապետի ցուցումներն անտեսելը:
Ուշագրավ է, որ երեկ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների` աշխատանքից գերբեռնված ավտոբուսով տուն գնալու լուսանկարի տարածումից հետո կասեցվեց ֆաբրիկայի աշխատանքը 72 ժամով, մինչդեռ բազմամարդ միջոցառումներ կազմակերպող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրը հանգիստ շարունակում է իր անխափան գործունեության ծավալումը:
Այս տեսանյութում, օրինակ, հարսանիք է: Հրապարակված է Արամ Մկրտչյան օգտատիրոջ կողմից մայիսի 7-ին` նախօրեին կայացած հարսանիքից հետո:
Համալիրը նաև ամրագրումներ է կատարում իրենց ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարներով: Հղումները համապատասխանաբար թվագրված են մայիսի 24-ի և 30-ի ամսաթվերով»,-գրում է լրատվամիջոցը: