Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին
ՔաղաքականությունՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունման համար բավարար ժամկետի սահմանումը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել: