Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ
ՔաղաքականությունՀունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր իրաքցի գործընկերոջը՝ փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր առաքելության մեջ:
Արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս մարտահրավերների հասցեագրման ու բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերին և միջոցառումներին:
Նախարարներ Մնացականյանն ու Հուսեյնը գոհունակություն են հայտնել պատմական կապերով միահյուսված հայ-իրաքյան բազմադարյա հարաբերությունների կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու այն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու ժողովուրդներին և երկրներին մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել իր իրաքցի գործընկերոջը՝ հայ համայնքի նկատմամբ դրսևորված ավանդական ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:
ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Ֆուադ Հուսեյնը հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման կարևորությունը: