«Սահմանադրական փոփոխությունները» իրականացվել են ծայրահեղ անգրագետ և փնթի ձևով․ Ամրամ Մակինյան
ՔաղաքականությունՓաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհավորում է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Աշոտ Խաչատյանը տալիս է հարցազրույց՝ նշելով, որ այս պահի դրությամբ՝
1) իր կողմից Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամանակավոր ստանձնումն իրավաչափ չէ,
2) ինքը որևէ կերպ չի կարող համարվել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող:
Ավելին, իր հարցազրույցի ընթացքում պարոն Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է այն իրավական խնդիրները, որոնք առաջացել են «սահմանադրական փոփոխությունները» ընդունելու կապակցությամբ, և որոնք վերջին երկու օրվա ընթացքում մատնանշվում էին տարբեր մասնագետների կողմից:
Դրանք են՝
1. լիազորությունները դադարեցրած Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով առանձին անհատական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը,
2. «սահմանադրական փոփոխությունները» «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում կենսագործելու անհրաժեշտությունը: Ավելորդ չէ հիշեցնել, որ վերջին օրերի ընթացքում իշխանությունները հերքում էին նման փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:
Ըստ պարոն Խաչատրյանի՝ նշված գործողություններն այս փուլում օբյեկտիվ անհրաժեշտություն են:
Այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս խնդիրները կլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, ևս մի անգամ հավաստում է, որ «սահմանադրական փոփոխությունները» իրականացվել են ծայրահեղ անգրագետ և փնթի ձևով՝ ստեղծելով բազում խնդիրներ, որոնց մեր իրավական համակարգը դեռ պետք է առերեսվի առաջիկա տարիների ընթացքում:
Հ.Գ. Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է»։