«Ռոման» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)
ՍպորտԻտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած «Ռոման» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։
«Ռոմայի» դարպասը 12-րդ րոպեին գրավեց իտալացի հարձակվող Կեւին Լասանյան։ 70-րդ րոպեին «Ուդինեզեի» լեհ հարձակվող Լուկաշ Տեոդորչիկի գոլը VAR-ի միջոցով չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով, սակայն 9 րոպե անց մակեդոնացի հարձակվող Իլիա Նեստորովսկին կրկնապատկեց հաշիվը։
Մայրաքաղաքային թիմը 29-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Մրցակցի սրունքին հարվածելու համար հեռացվեց արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին։
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց երկրորդ խաղակեսը՝ փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։
«Ռոման» երկրորդ անընդմեջ պարտություն կրեց Իտալիայի առաջնությունում եւ 48 միավորով 5-րդ տեղում է՝ չորրորդ տեղում ընթացող «Ատալանտային» զիջելով 12 միավոր։ «Ուդինեզեն» 14-րդն է՝ 31 միավոր։