Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին
ՔաղաքականությունՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկվել են երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության, համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային 2016թ.-ից հաստատված արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն նոր պաշտոնում:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի և Շվեդիայի կողմից: