ԵԱՏՄ-ում առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների. Ռոման Գոլովչենկո
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական միությունում դեռևս չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում, գրում է «Բելտա» գործակալությունը։
«Հաստատված պրակտիկայի համապատասխան՝ մեր աշխատանքը կսկսվի միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերի քննարկմամբ։ Ցավոք, առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների»,- նշել է Ռոման Գոլովչենկոն։
Նրա խոսքով՝ ուշադրության են արժանի նաև կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման վերաբերյալ հարցերը, ըստ այդմ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացվել է բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի համալիր ծրագիր։
COVID-19 համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Մինսկում միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունեցել առկա ձևաչափով։ Օրակարգը ներառել է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներում: