Բրազիլիայի առաջին տիկինը բուժվել է կորոնավիրուսից
ԱմենաընթերցվածԿիրակի Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարուն Instagram-ի իր էջում հայտնել է, որ բուժվել է կորոնավիրուսին։
«Արդյունքը բացասական է։ Շնորհակալ եմ ձեր աղոթքների եւ ցուցաբերած ուշադրության համար»,-նշված է գրառման մեջ։ Նախագահի տիկինը նաեւ տեղադրել է կորոնավիրուսի ՊՇՌ թեստի արդյունքներով նկարը։
Հուլիսի վերջում երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 38-ամյա առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով իր ամուսնու՝ Ժաիր Բոլսոնարուի վարակվելուց կարճ ժամանակ անց։ Բրազիլիայի առաջնորդի խոսքով՝ նրա ինքնազգացողությունը վատացել էր հիվանդության միայն առաջին օրերին, որից հետո նա սկսել էր օգտագործել հիդրոքսիքլորոքին՝ չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եզրակացրել էր, որ այդ դեղամիջոցը չունի դրական ազդեցություն կորոնավիրուսի դեպքում։ Հուլիսի 25-ին նա հայտարարել էր առողջանալու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բացի Բոլսոնարուից եւ նրա տիկնոջից, կորոնավիրուսով վարակվել էին Բրազիլիայի կառավարության ութ նախարարներ։ Նախօրեին նաեւ հայտնի էր դարձել նախագահի կրտսեր որդու՝ 22-ամյա Ռենան Բոլսոնարուի վարակման մասին։