Ավստրիայի կանցլերը Բելառուսում նոր ընտրությունների և պատժամիջոցների կոչ է արել
ԱշխարհԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Բելառուսի հարցով ԵԽ առցանց համաժողովից առաջ հայտարարել է, որ Եվրոպական խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների հանդեպ, ովքեր պատասխանատու են ցուցարարների և ընդդիմության նկատմամբ բռնություն գործադրելու համար: Tass գործակալության փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը տարածել է APA գործակալությունը:
«Ես ուրախ եմ, որ Բելառուսի հարցով հատուկ համաժողով է անցկացվում, որովհետև կարևոր եմ համարում այն, որ Եվրոպական խորհուրդը հստակ արձագանքի այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Իմ կարծիքով՝ հարկավոր են պատժամիջոցներ ընդդիմության և ցուցարարների դեմ բռնության պատասխանատուների նկատմամբ», – ասել է Կուրցը:
Ավստրիայի կանցլերը նաև հայտարարել է, որ Բելառուսում պետք է նոր նախագահական ընտրություններ անցկացվեն, որոնք կլինեն ազատ և արդար: Ըստ Կուրցի՝ Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունները չեն եղել ազատ և արդար:
Նա հավելել է, որ Բելառուսին հարկավոր է երկխոսություն հաստատել իշխանության և ընդդիմության միջև: