Արտակարգ դեպք․ Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը կտրել է երակները
ՀասարակությունԱջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը, ըստ ՔԿՀ-ից ստացված տեղեկանքի՝ նոյեմբերի 21-ին, ի նշան բողոքի, կարել է աչքերն ու ածելիով կտրել է երակները:
Դեռ նախորդ դատական նիստի ավարտից հետո՝ նոյեմբերի 18-ին, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատական նիստերի դահլիճում հայտարարություն արեց. «Եթե հաջորդ նիստին չգամ, ուրեմն աչքերս կարել, երակներս փրթել, հացադուլի մեջ եմ մտել ու բունտ եմ անում»: Փաստորեն, ամբաստանյալը կատարել է «խոստումը»…
Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:
«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 60, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին:
Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը, ում հետ Անին ծանոթ էր մի քանի ամիս: