«Ոչխարի հոտ չենք». վարչապետը բարկացել է նախկին նախարարի վրա
ՔաղաքականությունԿարեն Կարապետյանի նշանակումից հետո, որքան էլ որ զարմանալի էր, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը չվերանշանակվեց իր պաշտոնում՝ չնայած այն հանգամանքին, որ Գրիգորյանը իր ունեցած բոլոր միջոցներով տարածում էր, որ ինքը համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը և վերանշանակման խնդիր չի ունենա:
Պարզվում է՝ Արամայիս Գրիգորյանի չվերանշանակումը ունեցել է հետաքրքիր նախապատմություն: Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակել է ՀՀ վարչապետ, և կառավարության նորանշանակ ղեկավարը ցանկացել է հանդիպել նախարարների պաշտոնակատարների հետ ու նրանց հրավիրել է կառավարություն՝ խորհրդակցության: Հանդիպմանը ներկա են եղել բոլոր նախարարները: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշացել է հանդիպումից: Ուշացումը դուր չի եկել Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանին: Նախարարների պաշտոնակատարների ներկայությամբ Արամայիս Գրիգորյանը հայտարարել է, որ իրենք «ոչխարի հոտ չեն», որ անիմաստ սպասեն:
Արամայիս Գրիգորյանի այս հայտարարության մասին տեղյակ են պահել Կարեն Կարապետյանին, ով դժգոհ խոսակցություն է ունեցել նրա հետ, և հենց այդ ժամանակ էլ որոշվել է, որ Արամայիս Գրիգորյանը չի վերանշանակվի իր ղեկավարած կառավարությունում, քանի որ իրեն ոչ կոռեկտ է դրսևորում: