Պուտինը պաշտոնանկ է արել մի շարք կարևոր պաշտոնյաների
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավար պաշտոններից ազատել է Կրեմլի, Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների մի շարք պաշտոնյաների, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլին:
Ինչպես պարզաբանել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այդ կադրային որոշումները կապված են այդ պաշտոնյաների՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ ընտրվելու հետ: Պաշտոններից հեռացված չորս հոգին, բացի մեկից, որը հեռացվել է զինվորական ծառայության համար որոշակի տարիքի հասնելու առնչությամբ, իրենց պաշտոններից ազատվել են սեփական ցանկությամբ:
Կայքը հիշեցնում է, որ նոյեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնակցելով գիտության և կրթության հարցերով խորհրդի նիստին, ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահից տեղեկացել է բարձրաստիճան պաշտոնյաների՝ ակադեմիայի անդամ ընտրվելու մասին, որոնք այդկերպ խախտել են Կրեմլի պահանջը՝ չհամատեղել պետական ծառայությունը գիտական գործունեության հետ: Պուտինը խոստացել է նրանց հնարավորություն տրամադրել զբաղվել գիտությամբ: