ԱՄՆ-ն պատասխանել է Էրդողանին
ԱշխարհՄիացյալ Նահանգների իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցության և ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու միջև ընտրություն անելու անհրաժեշտություն չեն տեսնում։
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի կատարել իր պարտավորություններն արտահանձնման վերաբերյալ ցանկացած պայմանագրի շրջանակում: Տրյուդոն նկատել է, որ դա ընդհանրապես կապ չունի Թուրքիայի հետ իրենց խորը համագործակցության հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի Անկարայի և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության միջև, ում թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:
«Վաղ թե ուշ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի: Թուրքիան կամ FETO-ն: Նրանք պետք է ընտրություն կատարեն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում իր կողմնակիցների առջև: