Խաղաղապահների գործառույթների հստակեցում. ՌԴ նախագահի խոսնակի ուշագրավ հայտարարությունը
ՔաղաքականությունՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ խաղաղապահների գործառույթները պետք է հստակեցվեն, քանի որ դրանց մասին խոսք չկա երեք ղեկավարների հայտարարությունում: Նրա խոսքով, խոսք չկա տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պաշտպանության մասին: «Եվ այստեղ ես չեմ կարող ասել՝ դա իրենց պարտականությունների մաս կլինի՞, թե ոչ», ասել է խոսնակը:
Ի՞նչ է նա ակնարկում, դժվար է ասել, սակայն հարցն իսկապես կարեւոր է, նկատի ունենալով վանդալիզմի մշակույթը, որ խիստ տարածված է ադրբեջանցիների մոտ:
Միեւնույն ժամանակ, մշակութային եւ կրոնական վայրերի իմաստով հատկապես առանցքային են օրինակ փաստաթղթով ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնող Շուշին իր եզակի ճարտարապետական դեմքով ու Ղազանչեցոց եկեղեցով, ինչպես նաեւ Դադիվանքը Քարվաճառում:
Ըստ այդմ, իրապես առաջանում է դրանց պահպանության հարցը, եւ դրա ապահովման այլ մեխանիզմ, քան խաղաղապահներն են, կարող էր լինել միայն հայկական զինուժը: Եթե հայկական զինուժը Շուշիում չէ, եւ եթե ըստ համաձայնագրի այն դուրս է գալու Քարվաճառից՝ եթե Հայաստանին չհաջողվի մնացյալ օրերի ընթացքում հասնել այդ պայմանների բեկման, ապա այս դեպքում պահպանության մեխանիզմ կարող է մնալ միայն ռուսական խաղաղապահների ներկայությունը Շուշիում եւ Քարվաճառում: