Ֆրանսիան բացեց Հադրութի ժողովրդի ճանապարհը
ՔաղաքականությունՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ընդունել է Երեւանում դեսպանատների դիմաց ակցիա անող հադրութցիներին, որոնք տեղահանվել են պատերազմի հետեւանքով: Ջոնաթան Լաքոտը լսել է նրանց եւ ասել, որ Ֆրանսիան գիտե իրենց խնդիրը, բարձրաձայնում է այն, եւ բաց դուռ կապահովի նրանց խնդիրը լսելի դարձնելու համար: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ երկրի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ Ֆրանսիան ասել է, որ եռակողմ համաձայնագրում պետք է լինի Հայաստանի շահը:
Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պետք է դրվի վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղում տեղահանված բնակչության վերադարձի խնդիրը:
Ֆրանսիան փաստացի բացում է Հադրութի ժողովրդի ճանապարհը դեպի միջազգային ասպարեզ, դե ֆակտո ստանձնելով այդ ասպարեզում նրանց խնդիրները համակարգողի կամ նրանց պայքարի մոդերատորի դեր: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ պետք է դրվի Արցախի կարգավիճակի հարցը: Դնել կարգավիճակի հարց, նշանակում է դնել Արցախի սահմանների հարց, ինչն էլ իր հերթին նշանակում է դնել Հադրութի հարց:
Ո՞վ կմիանա Ֆրանսիային այդ հարցում: Առաջին պատասխաններից մեկը պետք է լինի Հայաստանը, սակայն Հայաստանն այդ առումով պետք է լինի ոչ թե միացող, այլ ընդհանրապես բանակցային սեղանի պահանջատեր, որի համար Ֆրանսիան դառնում է թանկ գործընկեր:
Ֆրանսիային պետք է միանան այլ երկրներ, եւ դա է նաեւ լինելու հայկական դիվանագիտության առաջիկա գերխնդիրներից մեկը, որով պետք է զբաղվել: