Ինտերնետում երկրի նախագահին վիրավորողներն այսուհետ քրեական պատասխանատվության կենթարկվեն
ԱշխարհԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն այսօր հաստատել է Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց նախաձեռնությունը եղել է երկրի գլխավոր դատախազությունը։
Ուղղումների համաձայն՝ ՔՕ-ում հավելվել է նոր հոդված՝ 148-1, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում համացանցում վիրավորելու համար՝ կեղծ անունների ու օգտահաշիվների կիրառմամբ։
Այսուհետ նման գործողությունները կպատժվեն 1000-1500 մանաթով կամ 360-380 ժամ հասարակական աշխատանքներով կամ մինչև 2 տարվա ուղղիչ աշխատանքներով, կամ էլ մինչև 1 տարվա ազատազրկմամբ։
Բացի այդ, հավելումներ են կատարվել ՔՕ 323-րդ հոդվածում (նախագահի պատվի ու արժանապատվության պաշտպանություն)։ Նոր հոդվածը՝ 323.1-1, նախատեսում է քրեական պատիժ կեղծ օգտահաշիվների կիրառմամբ նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Այդպիսի գործողությունների համար կիրառվելու է 1000-1500 մանաթ կամ մինչև 3 տարվա ազատազրկում։