Բայդենը կզինի՞ քրդերին Թուրքիայի դեմ
ԱշխարհՄիսուրիի պետական համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Ռոմանոն «Քուրդ Պրես»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ջո Բայդենն ԱՄՆ բոլոր նախագահներից ամենալավն է հասկանում քրդական հարցը: Պրոֆեսորը նշել է, որ Օբամայի վարչակազմն էր՝ որտեղ փոխնախագահ էր Բայդենը, որ կայացրեց Սիրիայում քրդերին ԻԼԻՊ դեմ պայքարում սպառազինություն տրամադրելու որոշում:
Հետագայում, արդեն Թրամփի վարչակազմի շրջանում, ԱՄՆ-ն չաջակցեց քրդերին, երբ նրանց դեմ գործողություն սկսեց Թուրքիան: Առանց ԱՄՆ աջակցության սիրիացի քրդերն անկարող եղան դիմակայելու Թուրքիայի հարվածներին: Անկարան մտավախություն ուներ, որ Սիրիայում ԱՄՆ հովանու ներքո կձեւավորվի քրդական ինքնավարություն, ինչը հետագայում կարող էր «շղթայական ռեակցիա» ստեղծել Թուրքիայի արեւելյան տարածքներում գտնվող քրդաբնակ շրջաններում:
Կփոխի՞ արդյոք Ջո Բայդենի պաշտոնամուտը որեւէ բան քրդական հարցում: Դա լրջագույն խնդիր կառաջացներ Թուրքիայի համար: Եթե ԱՄՆ վերականգնի քրդական ուժերին սպառազինության մատակարարումը, ապա Սիրիայում Թուրքիան կարող է ստանալ ուժեղ մարտահրավեր: