Խնդրեցի տիկին Աննային, ասացի նպատակահարմար է, որ դուք գնաք. Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան. վարչապետը հրամայել էր ինձ չգնալ Արցախ
ՔաղաքականությունՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն անդրադարձավ տեղեկություններին, որ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հորդորել է չմիջամտել ռազմական ղեկավարության գործերին։
«Ղարաբաղում գտնվելու իմ հիմնական գործառույթը կայանում էր նրանում, որպեսզի բացառեի ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ և հրամանատարի գործունեությանը միջամտել։ Իմ հիմնական գործառույթը դա էր։ Եվ առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չմտնի։ Ամբողջությամբ չի հաջողվել ինձ։ Ընդ որում, երկրի ղեկավարը 5-րդ օրը զանգել է բանակի հրամանատարին։ Ասեմ, որ դա առաջին զանգն էր, մինչև այդ չէր զանգել։ Հիմա վերադառնամ հարցին, թե ինչ է եղել տիկին Աննայի հետ։ Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ, տեսել եմ՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները։ Եվ կողքը կանգնած է Բաբայան Սամոն։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն էլ չէր տալիս, ընդամենը դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի տիկին Աննային, ասացի՝ այսպիսի տեսարժան բաներ չեն լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել։ Ասաց՝ լավ, մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան, եկա պաշտպանության նախարարի մոտ, ոգևորված գալիս եմ նախարարի մոտ, ինձ հրամայում են՝ դուք այլևս չպիտի գնաք այնտեղ։ Ասում եմ՝ պատճառն ինչ է, ասում է՝ չգիտեմ։ Ո՞վ է ասում, ասում է՝ վարչապետը։ Ասում եմ՝ ինչո՞ւ եք ինձ արգելում գնալ այնտեղ, պատճառը հիմնավորեք։ Ես վարչապետին գրել եմ՝ ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է։ Նամակս չի էլ բացել»,- ասաց Մովսես Հակոբյանը։