«Նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա». Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել
ՔաղաքականությունՆոյեմբերի 10-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթի մասին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Խաչատուրյանը։
«Անկեղծ ասած, ես ասել եմ, որ պատրաստվում եմ հեռանալ, բայց իմ գործընկերների, նաև մյուս փոխնախարարների հետ զրույցներում հասկացել եմ, որ այս պահին շատ գործեր ունենք անելու, ուղղակի չենք կարող կառույցն անդամահատել։ Իսկապես շատ գործ կա անելու, հատկապես հիմա։ Սակայն նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, որևէ վայրկյանի այն կարող է հրապարակվել։ Բայց կրկնում եմ՝ մենք քննարկեցինք ու հասկացանք, որ այս պահին ճիշտ կլինի ուղղակի գործել, այդ թուղթը սեղանին դնելը միշտ էլ կա ու կա։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ դրան»,- նշեց Նարինե Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ պաշտոններից ազատվել են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Լուրեր էին շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն լուրը նախարարությունից հերքել էին։
Ի դեպ, այս ընթացքում հրաժարականի դիմումներ են ներկայացրել փոխնախարարներ, վարչության պետեր։ Իշխանական երկու պատգամավոր դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ մեկ պատգամավոր էլ վայր է դրել մանդատը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։