Հայերեն


Մեզ համար շատ էական է, որ այն կառավարությունը, որն աշխատում է, ամեն օր զբաղված չլինի իր հակառակորդներին պատասխանելով, ցույցերին հակացույց կազմակերպելով. Արմեն Սարգսյան

Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին.

Արամ Աբրահամյան- Նախ և առաջ, կցանկանայի անդրադառնալ նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանը: Ինչպե՞ս եք Դուք այն բնութագրում՝ կապիտուլյացիա, պարտության ընդունում, հրադադար: Արդյո՞ք այդ փաստաթղթում կան կետեր, որոնք դեռևս ճշտման կարիք ունեն:

- Չեմ կարծում՝ կարիք կա, որ ես բնութագրեմ այդ փաստաթուղթը: Չնայած այն կարճ փաստաթուղթ է, բայց՝ բավականին բովանդակալից, և տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել: Սակայն ինձ համար այդ փաստաթուղթը նախ և առաջ զինադադար է: Այդ տեսանկյունից ինձ համար փաստաթղթի ամենակարևոր արժեքն է, որովհետև այդ օրվանից սկսած՝ ես արդեն չեմ լսում զոհված մեր տղաների մասին, չեմ ստորագրում հրամանագրեր, որոնցով զոհվածներին շքանշաններ են տրվում: Ուրախ եմ այն ընտանիքների համար, որոնց զավակները վերադարձել են տուն: Այսինքն, որպես պատերազմական գործողությունների դադար, այն հսկայական, մեծ արժեք ունի: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ զինադադարը չխախտվի:

Շատ էական է, որ այդ հայտարարությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից: Իհարկե, Ռուսաստանի Դաշնության նախագահը ոչ միայն ստորագրել է, այլև ինչ-որ իմաստով նաև դրա երաշխավորն է: Վլադիմիր Պուտինը, որպես բարեկամ, եղբայրական պետության նախագահ, պատերազմի առաջին օրվանից ամեն ինչ անում էր, որ կանգնեցներ այն: Եվ մենք բոլորս գիտենք նրա հսկայական ներդրման մասին: Ուզում եմ նաև հիշեցնել, որ չնայած ռազմական գործողություններն ավարտված են, բայց հակառակորդի ցանկությունները, ծրագրերը, կարծում եմ, դեռևս ավարտված չեն:

Կարծում եմ, որ սա շատ դառը դեղահաբ է, բայց պետք է այդ դեղահաբը կուլ տանք և փորձենք այդ վիճակից, ընկած վիճակից ոտքի կանգնել և կառուցել մեր ապագան: Այո, ճակատամարտը պարտվել ենք, բայց ինձ համար անընդունելի է այդ ճակատամարտի պարտությունը մեկնաբանել որպես մեր ազգի, մեր պետության պարտություն: Ո՛չ: Մենք հնարավորություն ունենք և կարող ենք ոտքի կանգնել և առաջ նայել դեպի ապագա, դեպի հաղթանակներ և ցույց տալ աշխարհին, որ մենք հենց այն ժողովուրդն ենք, որ կարող է ոտքի կանգնել ամենամեծ դժբախտությունից հետո, ինչպես դա արել ենք 100 տարի առաջ:

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, արդյո՞ք պատեհ է հիմա վերլուծել կամ գնահատել այդ պարտության պատճառները, թե՞ հիմա դեռ շուտ է ինչ- որ գնահատականներ տալ և խորքային պատճառների մասին խոսել:

- Գիտեք ինչ, իհարկե, ժամանակը գալու է, որպեսզի մանրակրկիտ և մանրամասն վերլուծության ենթարկենք այս ամենը: Ոչ միայն նրա համար, որ խոսենք՝ ովքեր են մեղավոր, այլև նախ և առաջ նրա համար, որ սրանից հետո այլևս մեր պատմության, մեր ազգի պատմության ընթացքում նմանատիպ սխալներ թույլ չտանք: Ես չեմ կարծում, որ հիմա ճիշտ է այս պահին խոսել պատճառների, մանրամասների մասին, բայց, քանի որ հարցը տվել եք, մի քանի կետերի կփորձեմ պատասխանել, որոնք ցայտուն են այսօր:

Կարծում եմ, որ պարտվել ենք ոչ միայն մեկ պատերազմ, որը ռազմի դաշտում էր: Ցավում եմ, որ մենք տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել այն բանակը, որը կկարողանար դիմակայել Ադրբեջանին կամ դիմադրություն ցույց տալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային, ինչը, սկզբունքորեն, կարծում եմ, հնարավոր էր, որովհետև ռազմական ոգին, ժողովրդի նվիրվածությունը և հույսը, հաղթանակի համար զոհվելու պատրաստակամությունը առկա էին: Ի՞նչ չունեինք:

Տեխնոլոգիաներ, ճիշտ ռազմական տեխնիկա, չունեինք նաև համապատասխան մարզվածություն, կազմակերպվածություն, բայց սա ռազմի դաշտում էր:
Սակայն, կարծում եմ, մինչև ռազմի դաշտը մենք պարտվել էինք նաև ժողովրդագրական պատերազմում: 1994 թվականին, երբ մենք հաղթել էինք, հաղթական պետություն էինք, երբ ամբողջ աշխարհը, նույն եվրոպացիները, նույն ՆԱՏՕ-ն կարծում էին, որ մենք ունեինք տարածաշրջանի ամենահզոր բանակը, այդ ժամանակվանից սկսած՝ Արցախի բնակչությունն ինչպես եղել էր 100 հազարից մի քիչ ավել, 26 տարի հետո մնացել էր նույն 100 հազարը կամ 130-150 հազար: Այդ ժողովրդագրական պատերազմում մենք պարտվել էինք: Կարծում եմ՝ 26 տարվա ընթացքում հնարավոր էր, որ Արցախի բնակչությունը լիներ ասենք 500 կամ 600 հազար: Չեմ ուզում քննարկել, թե ինչպիսի ճանապարհով, բայց վստահ եմ, որ հնարավոր էր: Սակայն դա տեղի չունեցավ: Երբ դու զինվոր ես, մի բան է, երբ քո հետևում մեկ միլիոն բնակչություն կա, և մեկ ուրիշ բան, երբ այդ բնակչությունը 100 հազար է:

Կարծում եմ՝ պարտվել էինք նաև տեղեկատվական պատերազմում: Խոսքս Հայաստանի մասին չէ, այլ՝ միջազգային տեղեկատվական ոլորտի: Շատ եմ ցավում դրա համար: Հաճախ խոսում ենք, որ մենք ունենք ազատ մամուլ, բարձր ու ժամանակակից: Ցավով պետք է ասեմ՝ իրականում այսօր մեր լրատվությունը վերածվել է ֆեյսբուքից «քոփի փեյստ» ինֆորմացիաների, որոնք հաճախ հիմք չունեն, շատ հաճախ ուղղակի էմոցիոնալ, անտրամաբանված, կոնսպիրացիայի ամենաֆենոմենալ սահմաններին հասած, չարացած և անազնիվ տեղեկություններ են: Վերջին տարիներին, նկատի չունեմ վերջին երկու տարիները, փոխանակ զբաղվեինք, ստեղծեինք այսպես կոչված ազգային տեղեկատվություն, որը դիմակայեր թուրքական կամ ադրբեջանական պրոպագանդային արտասահմանում, մենք զբաղված էինք իրար հայհոյելով և շարունակում ենք մինչև այսօր, և սա պարտություն է, տեղեկատվական պարտություն:

Մենք պարտվել ենք նաև միջազգային հանրային դիվանագիտության մեջ, որովհետև եթե 1994 թվականին կար այսպես կոչված չբալանսավորված պրոհայկական վերաբերմունք տարբեր միջազգային ինստիտուտներում, կառույցներում, երկրներում, ապա նույնը չեմ կարող ասել այսօրվա համար: Թուրքիան և Ադրբեջանը տարիներով ջանքեր, ֆինանսներ են օգտագործել, որ դրան հասնեն:

Մենք պարտվել ենք նաև դիվանագիտության մեջ, պարտվել ենք շատ ծանր ձևով: Կարծում եմ, որ պատճառներից մեկն այն է, որ մեր հայկական դիվանագիտական կորպուսը պետք է լիներ երեք-չորս անգամ ավելի մեծ, երեք-չորս անգամ ավելի լավ ֆինանսավորված, երեք-չորս անգամ ավելի բարձրորակ կադրերով և երեք-չորս անգամ ավելի էֆեկտիվ: Եվ հիմա՝ այս ծանր, դառը դեղահաբը կուլ տալուց հետո մենք վերջապես պետք է գիտակցենք, որ մեր ազգային և պետական պարտականությունը, մեր դիվանագիտությունը և՛ հանրային, և՛ պրոֆեսիոնալ դիվանագիտությունը, պետք է բարձրացնել այն մակարդակի, որը համապատասխանում է մեր առջև դրված ծանրագույն խնդիրներին: Օրինակները բազմաթիվ են: Երկրներ, որտեղ մենք տարիներով դիվանագետներ չունենք, որոնք նույնիսկ երկրներ են, որոնք Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, կամ երկրներ, որտեղ մենք պետք է մի քանի անգամ ավելի մեծ դիվանագիտական կորպուս ունենայինք և ներգրավեինք ոչ միայն դիվանագետներին, այլ նաև տեղի համայնքին, որ չենք արել, և այլն, և այլն:

Այսինքն՝ պատճառները հստակ են: Կան նաև խորքային պատճառներ և ավելի, գուցե փիլիսոփայության ոլորտից: Եթե հետաքրքիր է՝ մի երկու բառ ասեմ:

Արամ Աբրահամյան- Խնդրեմ...

- Երբ նայում ենք մեր պետությանը, կան որոշակի սկզբունքներ, որ պետք է գիտակցենք: Նախ և առաջ կարծում եմ, որ մենք երկար տարիներ ապրում ենք մի հանրապետությունում, որտեղ կարծում ենք, որ ցանկալին իրականն է, և անընդհատ կրկնում ենք սա: Ցանկալին կամ այն, ինչ ուզում ենք, որը երազ է, ներկայացնում ենք որպես իրական: Մենք ասում ենք, որ Հայաստանում ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Չունենք: Այսինքն՝ ունենք հսկայական թվով տաղանդավոր երիտասարդներ, որոնք ձգտում են դրան, բայց այն համակարգը, որ կարող ենք ասել, որ ունենք, և՛ թվով, և՛ որակով, չունենք: Բազմիցս այս օրինակը բերել եմ. Բելառուսի նման երկիրն այսօր ունի մի քանի անգամ ավելի շատ, տասնյակ անգամներ ավելի շատ ծրագրավորողներ, ունի ծրագրավորման տիրույթ, որտեղ դրսից՝ ԱՄՆ-ից, Կանադայից հսկայական փողեր են ներդրվում, և այդ ոլորտը, մեզ հետ համեմատած, հսկա է: Տեղեկատվական համալսարան կա, որը 30 հազար ուսանող ունի: 150 հազար ծրագրավորող կա, որից 50 հազարը միայն մի կառույցում է, որը կոչվում է Парк высоких технологий, որը տարեկան համարյա 2 մլրդ դոլարի շրջանառություն ունի, և պետությունն այդտեղ փող չի ներդրել, այլ՝ ունեցել է քաղաքականություն: Եվ սա Բելառուսի մասին է, ոչ թե Չինաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, ոչ թե Սիլիկոնյան հովտի: Հետևաբար, հետ ենք մնացել:

Ասում ենք, որ ունենք փառահեղ Գիտությունների ակադեմիա: Այո՛, ունեցել ենք: Սակայն այդ Գիտությունների ակադեմիան մի քանի անգամ փոքրացել է, մի քանի անգամ ավելի վատ է ֆինանսավորվում, և իրականում պարզ չէ՝ այդ ինստիտուտը պե՞տք է, թե՞ պետք չէ, որովհետև այնքան է խեղճացել: Ունենք փայլուն գիտնականներ, անհատներ, բայց համակարգ չունենք:

Մենք նաև պետություն ենք, որի մասին մտածելիս շատ հարցեր անձնավորում ենք, անձնավորում ենք ամեն ինչ: Այսինքն՝ նախարարությունը անձնավորում ենք նախարարի հետ, ոլորտը՝ ինչ-որ մարդու հետ, նույնիսկ այսօրվա խնդիրները, որոնք մեր առջև դրված են: Խոսում ենք ոչ թե համակարգային լուծումների մասին, այլ՝ անհատների, անձերի, ընդ որում, անկախ նրանից, թե անհատները և անձերն ովքեր են: Անձերը գալիս ու գնում են, և իրականում պատմության մեջ մնում է այն, ինչ թողնում են իրենցից հետո, այն, ինչին հասնում են: Փրկություն փնտրելն անձերի մեջ ցավալի երևույթ է: Դա նշանակում է, որ դու փնտրում ես անձի մեջ, քանի որ համակարգը չկա:

Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի պետական համակարգի ստեղծումը և պետական մտածողությունը մարդկանց մեջ ներարկելը: Սա շատ էական է, որովհետև պետական մտածողությունն ունի բազմաբաղադրիչ երևույթներ՝ սկսած պետական կարգապահությունից: Դու չես կարող լինել հաջողակ երկիր, որտեղ նույնիսկ ամենացածր պետական պաշտոնյաներն իրենց ազատ են զգում իրենց սեփական կարծիքն արտահայտել նույն ֆեյսբուքում, երբ կա հիերարխիա, երբ պետությունը կամ երկիրը պատերազմի մեջ է, երբ քո այդ ազատությունը նաև կարևոր աղբյուր է, ոչ միայն տեղեկատվական, այլ նաև հետախուզական աղբյուր քո հակառակորդի համար: Պետության նկատմամբ վերաբերմունքը, պետականամետ լինելը և պետությանը հավատալը, համակարգին հավատալը մեծ խնդիր է: Կարծում եմ, որ մեր բոլոր ոլորտներում՝ սկսած բանակից, համակարգային լուծումներ են պետք, այլ ոչ թե անձերի լուծումներ:

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, իսկ հիմա լուծումներ կա՞ն: Ճգնաժամ, ըստ երևույթին, կա: Ինչպիսի՞ լուծումներ եք Դուք տեսնում, և գուցե նաև հիշենք, որ 2018 թվականին նույնպես կար ճգնաժամ, և Դուք նույնպես նպաստեցիք, որ լինեն լուծումներ:

- Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար: Այսօրվա ամենակարևոր ուղերձը մնում է նույնը, ուղերձ, խորհուրդ կամ ինչպես ուզում եք անվանեք, կարևոր չէ: Մենք ապրում ենք ժամանակներ, երբ որևէ ձևով չի կարելի թույլ տալ, որ մեր հանրային կարգուկանոնը և իրավիճակը, որտեղ ապրում ենք, դուրս գան որոշակի սահմաններից, և ունենանք ոչ միայն անհանդուրժողականություն, այլև ուղղակի իրար չլսենք, ատելության, վրիժառության կոչեր և նաև գործողություններ լինեն: Սա կարող է բերել ողջ հասարակության մեջ անհավասարակշռության և այնպիսի իրավիճակի, որը կարող է ի վերջո հասցնել նաև այսօրվա զինադադարի խախտմանը, որը անթույլատրելի է: Ով ինչ ուզում է մտածի այդ փաստաթղթի մասին՝ լավ է, վատ է, սա է, նա է, զինադադարի այս իրավիճակը մեզ համար է, մեր ժողովրդի համար է, որովհետև մենք պատրաստ չենք նոր պատերազմի, որովհետև հակառակորդը կամ թշնամին ուղղակի մեր կողքին են կանգնած: Հետևաբար, անկարգությունները, ընդհարումները, քաղաքական բևեռացումները, որոնք կարող են բերել ընդհարումների, մարդկային կյանքի կորստի և զոհերի, անթույլատրելի են:

Այս իմաստով շատ էական է իմ խոսքը, իմ խնդրանքը և իմ կոչը բոլոր իրավապահ մարմիններին. նրանց պարտականությունը կարգ ու կանոնը պահպանելն է, բայց պետք է հիշեն, որ իրենց դիմաց կանգնած մարդը, նույնիսկ անկարգապահ մարդը, հայ մարդ է: Ինձ համար բացարձակապես անընդունելի երևույթ է այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում: Եվ մի՞թե դա է մեր հարցերը լուծելու ճանապարհը:

Կամ ուրիշ դեպք. «Ադեկվատ» կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ դանակահարություն է եղել: Չի կարելի այդ ճանապարհով գնալ: Կարգ ու կանոնը պետք է իրենց տեղում լինեն, և այդտեղ իրավապահ մարմիններն իրենց անելիքն ունեն:

Հիմա վերադառնամ Ձեր բուն հարցին: Դուք ասացիք՝ ճգնաժամ: Որպեսզի փորձենք լուծումներ գտնել և դուրս գանք ճգնաժամից, առաջին քայլը հետևյալը պետք է լինի: Մենք պետք է ընդունենք, որ ճգնաժամ ունենք: Եթե չենք ընդունում, որ ճգնաժամ կա, ապա ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծման ճանապարհ դուրս չենք գալու: Հետևաբար, ճգնաժամը չի լուծվի, այլ՝ ավելի է խորանալու: Առաջին քայլը, որ պետք է անենք, պետք է ընդունենք, որ ճգնաժամ ունենք:

Ընդունել-չընդունելը կապված չէ մեկ կամ երկու երևույթի հետ: 2018-ին, որի մասին Դուք խոսեցիք, իրականում թվում էր, թե տնտեսական ճգնաժամ չկա, իրականում թվում էր, թե մեծ սոցիալական ճգնաժամ չկա, իրականում թվում էր՝ ղարաբաղյան մեծ ճգնաժամ չկա, որովհետև եղել էր 2016 թվականի պատերազմը, կորցրել էինք երիտասարդների և հողեր, բայց թվում էր, որ դա այն մասշտաբային ճգնաժամը չէ: Բայց կա՛ր ճգնաժամ, որովհետև ժողովուրդը փողոցում էր, ժողովուրդը ուրախ չէր հազար ու մի բանից՝ սկսած կոռուպցիայի դրսևորումներից, դատական համակարգից և այլն, չեմ ուզում վերադառնալ այդ օրվան:

Ճգնաժամը կամ դրա հիմնական չափանիշը, ընդհուպ մինչև 100 կամ 200 հազար մարդ փողոցում, դա ճգնաժամի, այսպես ասած երևույթներից մեկն է, բայց ոչ միակը: Այսինքն՝ կարող է փողոցում դու այսօր չունես հարյուր հազարավոր մարդիկ, որովհետև այսօր մեր հասարակությունը բավականին բևեռացված է, և գուցե մի հսկա զանգված, որ նախկինում պաշտպանում էր որևէ կուսակցության կամ գաղափարի, հիասթափություն ունի կամ գուցե հոգեբանական այնքան ծանր վիճակում է, որ ցանկություն չունեն փողոց դուրս գալու և այլն, պատճառները շատ են: Չենք կարող չափել՝ ճգնաժամ ունե՞նք, թե չէ՝ նայելով փողոց դուրս եկած մարդկանց թվին: Մենք այսօր համարյա Ղարաբաղը կորցրել ենք, հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, ունենք հազարավոր վիրավորներ, Ղարաբաղից ունենք տասնյակ հազարավոր փախստականներ, հետևաբար, ունենք հումանիտար ճգնաժամ, աղետ: Այդ մարդկանց պետք է տեղավորել, դիմացը ձմեռ է, մարդիկ ամեն ինչ են կորցրել, տունը վառել են և եկել Հայաստան: Ունենք տնտեսական խորը ճգնաժամ, որն ավելի է խորացել կորոնավիրուսի պատճառով և այլն, և այլն: Չնկատել, որ սա ճգնաժամ է, կարծում եմ՝ ընդունելի չէ, համենայն դեպս, ինձ համար:

Չեմ հավատում, որ կա որևէ անձ կամ կուսակցություն կամ նույնիսկ կուսակցություններ միասին, որ այս ծանր վիճակից երկիրը միայնակ կարող են հանել և այդ պատասխանատվությունը վերցնել: Ով վերցրեց պատասխանատվությունը, դառնալու է մնացած բոլորի թիրախը, որովհետև խնդիրներն այնքան խորն են, որ չեմ բացառում, որ համարյա ամեն օր կառավարության դիմաց լինեն ցույցեր՝ մի անգամ՝ զոհվածների ընտանիքները, մի անգամ՝ սոցիալական դժվար պայմաններում ապրողները, մի անգամ՝ բանակից վերադարձած երիտասարդները, որ աշխատանք չունեն: Սա խորը ճգնաժամ է, որից պետք է դուրս գալ՝ պահպանելով մի քանի սկզբունք: Նախ և առաջ, պետք է դուրս գանք բոլորս միասին: Երկրորդը՝ ամեն ինչ անենք, որ երկրի կայունությունը ոչ մի դեպքում չխաթարվի: Կայունության խաթարմանը զուգահեռ՝ զինադադարը կդադարի, և մենք կընկնենք նոր պատերազմի մեջ, որին պատրաստ չենք, և որին պատրաստ է մեր հակառակորդը: Այդ դեպքում նույնիսկ մեր ամենալավ բարեկամներին շատ դժվար է լինելու մեզ օգնել և պաշտպանել:

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, իսկ ինչո՞ւ էիք Դուք Ձեր ուղերձում նշում, որ ըստ Ձեզ, հարցի լուծումն արտահերթ ընտրություններն են:


- Եթե պարզ չէ, փորձեմ բացատրել: Ես նշել եմ երկու փաստ՝ մեկը արտահերթ ընտրություններն են, մյուսը՝ համաժողովրդական աջակցություն ստացած կամ ունեցող կառավարությունը: Փորձեմ երկուսն էլ բացատրել:

Ի վերջո, մենք խորհրդարանական պետություն ենք: Ցանկացած խորհրդարանական ժողովրդավար երկրներում, երբ կան ճգնաժամեր ( իսկ այդ ճգնաժամը կարող է լինել ազգային, ենթադրենք Իսպանիայի նման երկրում, երբ Կատալոնիան որոշում է գնալ ինքնավարության կամ շոտլանդացիները, կարող է լինել տնտեսական, քաղաքական, որը հետևանք է ռազմական գործողությունների), ցանկացած կառավարություն միշտ հետ է գնում դեպի ժողովուրդն ու խնդրում նորացված մանդատ:

Մեր վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1-1.5 տարի առաջ: Այն ժամանակվա և այսօրվա Հայաստանը շատ տարբեր են: Եթե իշխանություն ես, տրամաբանական է՝ հետ գնաս և առանց վախենալու նորից մանդատ վերցնես ժողովրդից: Այդ դեպքում քո քննադատներն ասելիք չեն ունենա, և դու նորից կունենաս այն մանդատը, որով դու ժողովուրդը ներկայացնող կառավարություն ես, կարող ես ժողովրդին առաջ տանել այս ճգնաժամային, դժվարագույն պայմաններում: Մի մոռացեք, որ այս զինադադարն ընդամենը հինգ տարվա է: Հինգ տարվա մեջ մեր երկիրը, մեր բանակը պետք է բոլորս ոտքի կանգնեցնենք: Ոչ ոք չի կարող ասել, թե 5 տարի հետո ինչ է լինելու:

Ես չեմ ասել, որ այդ ընտրությունը պետք է վաղն անենք: Իհարկե ոչ: Եթե այսօր էլ ընտրություններ անենք, զգացումների, զգացմունքների, նվաստացած, ջղայնացած մարդկանց ընտրություններ կլինեն, որոնք չեն արտահայտելու այն, ինչ իրական է: Բնական է՝ այդ ընտրությունները կարող է լինեն կես կամ մեկ տարի հետո, եթե, իհարկե, կովիդը հաղթահարենք, իսկ ես կարծում եմ՝ մեկ տարի հետո կհաղթահարենք: Բայց դրանց մասին հայտարարելը ճիշտ է, որպեսզի ժողովուրդն իմանա, որ, ի վերջո, մենք լսելու ենք իր ձայնը:

Ինչպե՞ս պետք է այս ընթացքում, մինչև նոր ընտրությունները կառավարվի: Շատ պարզ: Չկա մեկ ուժ, որ գա ու կարողանա միանձնյա այս ճգնաժամից հանել: Մեզ համար շատ էական է, որ այն կառավարությունը, որն աշխատում է, ամեն օր զբաղված չլինի իր հակառակորդներին պատասխանելով, ցույցերին հակացույց կազմակերպելով, ֆեյք լուրերի կամ ֆեյքերի պատասխանելով, այլ՝ զբաղված լինի առավոտից երեկո երկիրը վերականգնելով, ճգնաժամը հաղթահարելով: Այդ պատճառով, ինչպես ասացի, միակ լուծումն այն է, որ պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն:

Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում, որ բոլորը պետք է այնտեղ լինեն: Սա նշանակում է՝ պետք է լինեն նախ հիմնական քաղաքական ուժերը՝ սկսած իշխանությունից և ընդդիմությունից, հանրության ներկայացուցիչները, ովքեր այսպես կոչված լուռ մեծամասնությունն են, ովքեր այսօրվա մեր ամենաքաղաքականացված մարդիկ են, շրջանների ներկայացուցիչները, գործարարները պետք է մասնակցեն:

Նորից եմ ասում՝ Հայաստանի փրկության կոմիտեի մասին չեմ խոսում, չեմ խոսում Սահմանադրական ժողովի մասին: Ո՛չ: Մենք պետություն ենք, ունենք Սահմանադրություն՝ հավանեք թե՝ չէ: Եվ այս պետությունում կա ինստիտուտ, որը կոչվում է նախագահական ինստիտուտ, որը հենց այս պահերի համար է ստեղծված, որպեսզի լինի այն հարթակը, որտեղ մարդիկ հավաքվեն և գտնեն այն ընդհանուրը, որն իրենց բոլորին կապում է: Դրանից հետո այս կառավարությունը կլինի՞ կառավարություն, որտեղ բացի իշխող, խորհրդարանում ներկայացված կուսակցությունից կլինեն նաև այլ կուսակցություններ՝ խնդրեմ: Եթե կլինի որոշում, որ որևէ կուսակցություն չլինի, և լինի պրոֆեսիոնալների, տեխնոկրատ կառավարություն՝ խնդրեմ: Բայց այդ համաձայնությանը պետք է գալ ոչ թե փողոցում, այլ՝ սեղանի շուրջ: Ես չեմ ուզում, որ փոխանակ հավաքվենք սեղանի շուրջ և մեր խնդիրները լուծենք, քաղաքակիրթ մարդու նման հասնենք այն մեխանիզմներին, որ կարող են մեզ ճգնաժամից հանել, պետք է գնանք փողոցում այսօր հայհոյենք, վաղն իրար վրա քար նետենք և, Աստված չանի, որ մյուս օրը այն զինվորը, որին զենք են տվել հայրենիքը պաշտպանելու համար, այդ զենքն ուղղի հայրենիքի դեմ: Դա անթույլատրելի է:

Հետևաբար, իմ առաջարկը շատ պարզ է: Ես այն մարդն եմ, ով ի պաշտոնե պարտականություն ունի բոլորին կանչել սեղանի շուրջ: Հայտարարությունը, որն արել եմ, բնական է, ուղղված է բոլորին՝ և՛ կառավարությանը, և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հանրային կառույցներին ու կազմակերպություններին: Այդ հայտարարությունը չի կարող ժամանակի իմաստով լինել անվերջ: Սակայն այն համապատասխանում է այսօրվա վիճակին: Եթե ես արձագանք ստանամ և՛ կառավարությունից, և՛ ընդդիմությունից, որ պատրաստ են այդպիսի երկխոսության, պատրաստ եմ նրանց ներկայացնել ժամանակային քարտեզ կոչվածը, որը, նախ և առաջ, իր մեջ պետք է ներառի այսպես կոչված ազգային-պետական արժեքների, գաղափարների համախումբ, այսօրվա և վաղվա տնտեսական, քաղաքական զարգացումների և իրավիճակների գնահատական, նոր դրանից հետո՝ ճանապարհային քարտեզը: Այսինքն, ինչպես պետք է դուրս գանք:

Դա լինելու է իմ կարծիքը՝ որպես ներդրում: Դա չի նշանակում, որ լինելու է վերջնական: Ես դա դնելու եմ ընդհանուր քննարկման: Եվ այդ ճանապարհային քարտեզը պետք է հստակ ասի՝ այս խնդիրն ինչպես ենք լուծելու, ո՞վ, ի՞նչ միջոցներով, ինչքա՞ն ժամանակում, ովքե՞ր են լինելու դրա պատասխանատուները: Երկու ընտրություն կա՝ կամ ընդունում ենք, որ ճգնաժամ կա, կամ ընդունում ենք, որ չկա: Եթե ընդունում ենք, որ ճգնաժամ չկա, ապա կառավարությունն առաջարկել է իր մոտեցումները՝ փոփոխություններ կլինեն կառավարությունում, և դրա արդյունքում կառավարությունը պետք է շարունակի իր գործունեությունը: Եվ եթե իմ առաջարկը չընդունվի, ես էլ պետք է շարունակեմ իմ ամենօրյա, բայց այս անգամ շատ ավելի ծանր աշխատանքը:

Այս օրերին ես բազմաթիվ սփյուռքահայ կառույցների, կազմակերպությունների, անհատների հետ եմ խոսել: Մարդիկ ծանր բեռի տակ են: Այս պահին շատ էական է, որ մենք պարտությունից հաղթանակ սարքենք: Սա շատ էական է, քանի որ մեզ դատելու են ոչ միայն մեր սերունդները, երեխաները, թոռները, նաև՝ միջազգային հանրությունը, որն ուշադիր նայում է մեզ: Եթե այս պետությունը, ժողովուրդը ձեռք ձեռքի տված կարողանան ամուր կանգնել ոտքերի վրա, վստահեցնում եմ ձեզ, ողջ աշխարհը մեզ հարգելու է: Ոչ միայն աշխարհը, այլև մենք ինքներս ենք մեզ հարգելու և կորցնելու ենք պարտության բարդույթը, որովհետև վստահ ենք լինելու, որ վաղը հաղթելու ենք: Դրա համար շատ էական է, որ մենք հաղթահարենք այսօր մեր դժվարությունը, մեր դժբախտությունը, մեր մասնատվածությունը և վերջապես որպես միասնական ժողովուրդ սկսենք կառուցել այն երկիրը, որն ուզում ենք, որը ոչ միայն լինի ամուր, հզոր... Հզոր լինելու համար պետք չէ անպայման մեծ լինել, պետք է լինել այն, ինչի մասին խոսում ենք՝ կազմակերպված, նվիրված, կառույցներով, ոչ թե անհատներով հզոր: Եվ, իհարկե, իմ պարտականությունը նույնն է, ինչ 2018 թվականին: Այո, 2018 թվականին ես նախագահի պարտականություն զգացի, որ պետք է իջնեմ հրապարակ՝ մի նպատակով՝ որ արյունահեղություն, ընդհարում չլինի, այլ՝ կողմերին բերեմ զրույցի, երկխոսության: Իսկ արդյունքը գիտենք, թե ինչ եղավ: Ես կարող եմ այսօրվա տեսակետից շնորհակալություն հայտնել և շարժման՝ հեղափոխության ղեկավարներին, և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ այն ժամանակվա կառավարությանը, մասնավորապես՝ Հանրապետության նախկին նախագահին՝ Սերժ Սարգսյանին, որն ուժ գտավ իր մեջ ընդունելու որոշում, որ թողնի վարչապետի պաշտոնը և հեռանա, որ հնարավորություն տրվի երկիրը նախ և առաջ անկայուն չսարքել:

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօրվա վարչապետը վարչապետ էր մի երկրում, որտեղ ինքը չուներ բացարձակ մեծամասնություն, հակառակը, իր հակառակորդներն ունեին բացարձակ մեծամասնություն: Շարժման իրական քաղաքական ուժը խորհրդարանում է: Իրենք պետք է ամեն ինչ անեն, որ դրական ներդրում բերեն, ինչպես և խորհրդարանի մյուս անդամները:

Իմ պարտականությունն այս անցումն ապահովելն է, նաև իմ բոլոր հնարավոր միջոցներով նպաստելը, որ մենք մանավանդ տնտեսության ու ներդրումների ոլորտներում հաջողությունների հասնենք: Պատահական չէ, որ այս դժվար օրերին ես շատ կարճ ժամանակով գնացի Միացյալ Արաբական Էմիրություններ: Նախ և առաջ մեր արաբ բարեկամներին, ընդ որում այն բարեկամներն են, որոնք Եղեռնից հետո մեզ բոլորիս, մեր սփյուռքին տուն են տվել, մեկ անգամ ևս հաստատել, որ այս պատերազմը չի եղել, չի և երբեք էլ չի լինի կրոնական, որ մուսուլման, արաբ պետությունները մեր բարեկամներն են: Եվ ոչ միայն մեր բարեկամներն են, այլև մենք ակնկալում ենք նրանց աջակցությունը: Ես իրենցից՝ մի քանի մեծ երկրների ղեկավարներից հստակ հավաստիացում ստացա: Եթե մենք լինենք այն երկիրը, որը շարունակի զրույցը, որը ես ունեմ իրենց հետ, և այդ երկիրը լինի կայուն, իրենք պատրաստ են ներդրումներ անելու այստեղ:

Այսինքն, կա այս վիճակից դուրս գալու ճանապարհ, իսկապես կառուցելու մեր հզոր Հայաստանը: Բայց բոլորս միասին պետք է աշխատենք և կառուցենք այն պետությունը, որը հիմնված է ոչ թե անհատների, այլ համակարգերի վրա:

Արամ Աբրահամյան- Ես Ձեզ վաղուց գիտեմ և նաև գիտեմ, որ նույնիսկ անձնական ծանր հանգամանքներում Դուք պահպանել եք Ձեր լավատեսությունը: Արդյո՞ք հիմա Դուք նույնպես լավատես եք:


- Ես, իհարկե, լավատես եմ: Մարդիկ խոսում են, թե նախագահը այս կամ այն կողմին է պաշտպանում, ինձ համար դա սովորական է: Երբ ես նախագահ դարձա, առաջին ամիսներին ասում էին, թե ես հանրապետականների նախագահն եմ, հետո դարձա իմքայլականների նախագահը: Ես ոչ մեկի նախագահը չեմ, ես փորձում եմ ժողովրդի նախագահը լինել: Ես իմ կյանքի դասերը վաղուց եմ ստացել: Եվ վարչապետ էլ եղել եմ սրանից 25 տարի առաջ: Ցավոք սրտի, Աստծու կամքն էր, որ ես չշարունակեի, չնայած հստակ գիտեի, թե ինչ եմ անում, ինչպես եմ առաջ գնալու և ունեի լրիվ աջակցությունն այդ օրերի հանրապետության նախագահից, Ազգային ժողովի նախագահից: Բայց Աստծու կամքն էր: Անցել եմ շատ ծանր ճանապարհ՝ 1.5 տարի ծանր հիվանդությունից բուժվելով, իմ բոլոր դժվարություններից անցնելու միջով՝ և՛ անձնական, և՛ 1990-ականների մեր դժվար օրերին, երբ ոչ ոք չէր հավատում, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու:

Ես իսկապես լավատես եմ: Ամեն ինչ մեզնից է կախված: Գետնից բարձրանալու ճանապարհն իրար ձեռք բռնելն է, որովհետև մենակ բարձրանալ չի լինելու: Եթե իրար ձեռք բռնենք, կկարողանանք գետնից բարձրանալ և կառուցել այն երկիրը, որը մենք բոլորս երազում ենք: Եվ այն բոլոր սխալները, որ արել ենք, չկրկնենք:

Մենք նավթ չունենք, բայց ունենք հսկայական ներուժ՝ մարդկային ներուժ: Դրա մասին կենացներ ենք ասում, բայց բացարձակապես չենք օգտագործում:

Մեր առաջին խնդիրը մարդկայինն է և մեր մարդկային ռեսուրսները, հայրենակիցներին օգտագործելը՝ բոլորին: Մենք մտածում ենք՝ դժվարության մեջ ենք, կարիք ունենք նախարարների, նոր մտքի, պրոֆեսիոնալ կառավարման: Ես կարող եմ ոչ թե մեկ, այլ տասը կառավարության ցանկ կազմել՝ ելնելով այն բոլոր մարդկանցից, ում ճանաչում եմ, և տարբեր երկրներում բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում, հսկայական փորձառություն ունեն: Լորդ Դարզին, որ Բրիտանիայի ամենահայտնի առողջապահական կազմակերպիչն է և բժիշկներից մեկը, տասնյակ այդպիսի մարդիկ: Նրանցից որևէ մեկն այսօր կարո՞ղ է գալ Հայաստան և դառնալ ԱԺ անդամ կամ նախարար: Ո՛չ, որովհետև մենք ինքներս, մեր ձեռքով պատնեշ ենք դրել: Մարդը պետք է գա այստեղ, չորս տարի ապրի, քաղաքացիությունից հրաժարվի, միայն հայաստանցի լինի, և դրանից հետո կմտածի՝ հարմա՞ր է գտնում նախարար լինել, թե՞ ոչ: Ինչպե՞ս կարող է այդպես լինել, երբ մենք ամեն օր կարիք ունենք բոլորի աջակցության, որովհետև այլևս իմ գիտակցության մեջ չկա Սփյուռք, սփյուռքահայ, արցախցի: Մեր հայրենիքն այնքան փոքր է, որ մեզնից յուրաքանչյուրը մեր հայրենիքը ոչ միայն պետք է ճանաչի, այլև պետք է համարի, որ յուրաքանչյուր գյուղ իրենն է: Եվ նույնը լինի Սփյուռքի յուրաքանչյուր հայ մարդու համար՝ որ այս փոքր երկրի ամեն անկյուն իրենն է, ինքն էլ պատկանում է դրան: Եվ երբ պետք է, ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ, ընդհակառակը, ոտքի կանգնելու, ճգնաժամը հաղթահարելու, երկիրը զարգացնելու, ամուր բանակ, տնտեսություն կառուցելու համար նրանցից յուրաքանչյուրը, եթե ցանկություն ունի, վաղը պետք է իրեն այդ հնարավորությունը տալ:

Արամ Աբրահամյան- Շնորհակալություն պարոն նախագահ:


- Ձեզ եմ շնորհակալ, պարոն Աբրահամյան:

Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԻնչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համարԱռաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ ՀամբարյանՈ՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմումՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներՄինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբԲայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համարՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ ՄիրզոյանԴու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջըԱրագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԿարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովիցՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում
Ամենադիտված