Ռուսական տիեզերանավը մեկնարկից վայրկյաններ առաջ կործանվել է
ԱշխարհԱյսօր Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկել է «Սոյուզ-Ու» հրթիռակիրը՝ ռուսական «Պրոգրես MC-04» բեռնատար տիեզերանավի հետ: Մեկնարկից քիչ անց «Ռոսկոսմոս»-ը հայտարարել է, որ մեկնարկի 383-րդ վայրկյանին հրթիռը կորել է ռադարներից: Интерфакс-ի փոխանցմամբ՝ տիեզերակայանից հայտնել են, որ հնարավոր է՝ 3-րդ մակարդակի շարժիչն անջատվել է ժամանակից շուտ: Աղբյուրը հաղորդել է, որ դրա հետևանքով տիեզերանավը կարող է չհաշվարկված ուղեծրում հայտնվել կամ ընդհանրապես դուրս չգալ ուղեծիր:
РИА Новости-ն հայտնել է, որ ռուսական «Պրոգրես MC-04» տիեզերանավի բեկորները հայտնաբերվել են Տուվայում: Այտեղ այժմ որոնողական աշխատանքներ են տարվում:
Իսկ Интерфакс-ի փոխանցմամբ՝ «Պրոգրես MC-04» տիեզերանավի բեկորներ կարող են հայտնվել նաև ռուս-մոնղոլական սահմանին:
ТАСС-ն իր հերթին հայտնում է, որ Տուվայի Իշտի-Հեմ բնակավայրում ականատեսներն օդում բռնկումներ են նկատել:
Րոպեներ առաջ «Ռոսկոսմոս»-ն իր կայքում տեղեկատվություն է տարածել, որում հաստատել է «Պրոգրես MC-04» տիեզերանավի կորուստը: Տիեզերանավի կործանման պատճառները հայտնի չեն:
«Պրոգրես MC-04» տիեզերանավը Միջազգային տիեզերական կայան պետք է հասցներ 2,5 տոննա բեռ՝ վառելիք, սննդամթերք, հագուստ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, ջուր և սեղմված գազ: