Ողբերգական ավտովթար․ 26-ամյա աղջիկը ողջ-ողջ այրվել է ավտոմեքենայում
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնից առաջացած կայծը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղաբեկյանը աշխատում էր «Թեղուտ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում։