Խորհրդակցություն վարչապետի մոտ. քննարկվել է տաքսոմոտորային փոխադրումների ոլորտի վիճակը
ՏնտեսությունԿարևորվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշվում է, որ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների կանոնակարգմանը:
Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ՝ ինչպես տաքսի ծառայություններ մատուցողների, այնպես էլ սպասարկվող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման համատեքստում: Կարևորվել է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը: