Կորոնավիրուսի նոր շտամը կարող է ավելի մահաբեր լինել
ՀասարակությունԿորոնավիրուսի նոր բրիտանական շտամը կարող է լինել ավելի վտանգավոր, քան վիրուսի սկզբնական ձեւը, եւ 30-70 տոկոսով ավելի մահաբեր: Այս մասին հայտնում է Science Alert պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի մասնագետներին:
B.1.1.7 նոր շտամը, ինչպես արդեն ցույց է տրվել, 35-45 տոկոսով ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Բանն այն է, որ սեպ սպիտակուցի մուտացված տարբերակը ավելի շատ է հակված կապվելու hACE-2 ռեցեպտորի հետ, ինչը հեշտացնում է մարդկային բջիջների վարակումը:
Նոր շտամն արդեն հայտնաբերվել է նվազագույնը 82 երկրներում, իսկ ԱՄՆ-ում B.1.1.7 նոր շտամով վարակման դեպքերի թիվը յուրաքանչյուր 10 օրը մեկ կրկնապատկվում է: Մասնագետների կարծիքով՝ 2021 թվականի մարտին շտամը կգերիշխի ԱՄՆ շատ նահանգներում, ինչը կառաջացնի հիվանդացության աճ, եթե վիրուսի տարածումը զսպելու միջոցներ չձեռնարկվեն:
Նոր շտամի պատճառով մահվան ռիսկի մեծացման հավանական պատճառներից մեկն այն է, որ այս վիրուսով վարակվածները կարող են ունենալ ավելի մեծ վիրուսային բեռ, այսինքն՝ օրգանիզմում վիրուսի ավելի մեծ քանակություն, ինչը կարող է առաջացնել COVID-19-ի ավելի ծանր ընթացք: