ԱՀԿ. Մերձավոր Արեւելքի տասնյակ երկրներ հայտնում են կորոնավիրուսի նոր տարբերակների մասին
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը կայունանում է Մերձավոր Արեւելքի որոշ մասերում, սակայն իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական, քանի որ մեկ տասնյակից ավելի երկրներ հաղորդում են վիրուսի նոր տարբերակներով վարակման դեպքերի մասին:
ԱՀԿ-ի Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանի տնօրեն Ահմեդ Ալ Մանդհարին ասել է, որ կորոնավիրուսի երեք նոր տարբերակներից առնվազն մեկը գրանցվել է տարածաշրջանի 13 երկրներում: Նա երկրները չի անվանել:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, երեք նոր տարբերակներն ավելի վարակիչ են: Ալ Մանդհարին նշել է, որ տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 6 միլիոն հաստատված դեպք եւ մոտ 140 000 մահ: ԱՀԿ-ն մարդկանց կոչ է արել շարունակել նախազգուշական միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ:
Կազմակերպության տվյալներով՝ Միջերկրական ծովի արեւելյան 12 երկրներում իրականացվել է 6,3 միլիոն պատվաստում:
«Պատվաստումները շրջադարձային պահ են վիրուսի դեմ պայքարում, բայց միայն պատվաստանյութերը բավարար չեն»,- ասել է Ալ Մանդհարին` հավելելով, որ սոցիալական հեռավորությունը, դիմակներ կրելը եւ մաքուրություն պահպանելը մնում են պայքարի հիմնական ձեւերը: