Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կոչը
Ամենաընթերցված«Այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որ մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշի անվտանգությունը լիովին ապահովված լինի»:
Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով այս օրերին անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին:
Խոսելով Թալիշում արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Արցախի հերոսը ասել է, որ թե´ ռազմական և թե´ քաղաքական իշխանությունները ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, և կատարվում են համապատասխան ադեկվատ քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:
«Ես կոչ կանեի մեր ժողովրդին, որպեսզի Թալիշի անվտանգության հարցում մտահոգություններ չունենան»,- ասել է Բալասանյանը և հավելել, որ, գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ: «Վերանայելու ենք գյուղի կարգավիճակը: Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ»,- ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը: Բալասանյանը ավելացրել է նաև, որ ամիսներ հետո բոլորը ականատես կլինեն ոչ միայն ամբողջովին վերականգնված Թալիշին, այլև այն կվերածվի մի հրաշք տարածքի՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: