Դատախազությունն զբաղված է թիթեռ նկարելով, որովհետև դավաճանությանը մաս է կազմում․ Ռուբեն Մելիքյան
Քաղաքականություն
Ռեժիմը հուսահատ փորձեր է անում ռեպրեսիաներ կիրառելով մարդկանց վախեցնել։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջով հանրահավաքին ասել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ գործողություններին։ Փոխանցում է Tert.am-ը:
«ԱԱԾ–ն ուրիշ բան ու գործ չունի, պետք է ֆեյքերի հետևից ընկնի՞»,– ասել է նա և նշել, որ մենք տեսնում ենք հսկայական քանակի ֆեյքեր իշխանական դաշտում և հարց բարձրացրեց, թե այդ ֆեյքերով ով պետք է զբաղվի։
«ԱԱԾ–ն ասում է, որ դուք պատերազմի ժամանակ տեղեկատվություն եք տվել, ուրեմն Արծրունը, որ սուտ տեղեկատվություն է տվել, դա նորմալ է, բայց ինչ–որ մի ֆեյք ճիշտ տեղեկություն է տվել, դա հանցագործությո՞ւն է»,–ասել է նա։
Ռուբեն Մելիքյանը նշել է, որ մենք տեսնում ենք, որ առկա է ակնհայտ պետական դավաճանություն։ «Ես խորհուրդ կտայի Ռուբեն Մխիթարյանի ֆիլմը դիտել, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպիսի դավաճանական քայլերով եկանք հասանք այս խայտառակ վիճակին, հայրենիքը կորցնելուն, հազարավոր զոհերին, իսկ դատախազությունն զբաղված է, ներողություն, թիթեռ նկարելով, որովհետև այդ դավաճանությանը մաս է կազմում»,–ասել է նա։
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ և ավելի ուշ ձերբակալվել։ Երեկ նաև ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։