Էդմոն Մարուքյանն ապացույցներ ուզեց Փաշինյանից, ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը
ՔաղաքականությունԱյսօր Ազղգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանից ապացույցներ պահանջեց, որ հենց Սերժ Սարգյանի հրահանգով է Օնիկ Գասպարյանը պահանջել իր հրաժարականը:
Մարուքյանը նաև հարցրեց՝ չի մտածել արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ԳՇ գնալու ու Օնիկ Գասպարյանի հետ զրուցելու մասին՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել:
Չնայած հարցն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է այդ մասին, հավելյալ պարզաբանման կարիք չկա. «Վարչապետը որքանով որ հարկ է համարել, այդ չափով է հայտարարություններ արել: Եթե հավելյալ պարզաբանման կարիք լինի, դրան անդրադարձ կլինի»:
«Ես զարմանում եմ, թե ինչու վարչապետը չի պատասխանում: Հրապարակային հայտարարություն է արվել: Վաղը կարող է ասվել, որ Արարատ Միրզոյանը կամ Տիգրան Ավինյանն են Սերժ Սարգսյանի հրահանգով ինչ-որ բան արել: Եղբայր, բան եք ասել, ապացուցեք ձեր ասածը, եթե առանց հիմք եք արել, ասեք, փաստենք, անցնենք առաջ»,-ասաց Մարուքյանը:
Ավինյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունն անարձագանք չի մնացել, օրինակ Հանրապետականից արձագանքել են. «Եթե հարկ լիներ ավելի մանրամասնել, վարչապետը դա կաներ, եթե հարկ լինի, ապագայում կանի»: