Փետրվարին ՌԴ-ն արգելել է շուրջ 85 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը
ՏնտեսությունՌուսաստանի Դաշնության մաս կազմող Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչակազմը 2021 թվականի փետրվարին արգելել է Ադրբեջանից շուրջ 85 տոննա լոլիկի ներկրումը, գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։
«Փետրվարին, մուտքային ապրանքների ստուգման ժամանակ, վարչությունը Ադրբեջանից 84,7 տոննա լոլիկի խմբաքանակներում հայտնաբերել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta Povolny)։ Կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր զեկույցով»,- հայտնել են գերատեսչությունից։
«Բույսերի կարանտինի մասին» թիվ 206 դաշնային օրենքի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկվել բեռի տերերը:
Վարակված լոլիկը հետ է վերադարձվել Ադրբեջան:
Ընդհանուր առմամբ, 2021 թ. փետրվարին Ադրբեջանից և Իրանից ստացվել է 39,15 հազար տոննա միրգ (խնձոր, արմավ, կիվի և այլն) և 14 201 հազար տոննա բանջարեղեն (լոլիկ, կաղամբ, պղպեղ, կարտոֆիլ, կանաչի և այլն):
Նշենք՝ հարավամերիկյան լոլիկի ցեցը ներառված է Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցուցակում: Այս ցեցի հիմնական կերային մշակաբույսը լոլիկն է: Այն վնաս է հասցնում նաև կարտոֆիլին, սմբուկին և այլ բույսերին:
Լոլիկի ցեցը վտանգավոր է ինչպես դաշտային մշակաբույսերի, այնպես էլ ջերմոցային տնտեսությունների համար: