Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ՔաղաքականությունՄարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-արգենտինյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական ջանքեր ձեռնարկելու համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց արգենտինահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում:
Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին բազմակողմ ձևաչափերում ձևավորված սերտ փոխգործակցությունը լայն օրակարգի շուրջ։
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր արգենտինացի գործընկեր Սոլային ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: