Դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը
ԱմենաընթերցվածԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։
Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական գործը դատարան մուտք է եղել մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Միսակյանին, հաջորդ օրը՝ մարտի 18-ին դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը։ Այս պահի դրությամբ՝ դեռևս չկա տեղեկություն՝ դատական նիստի օրվա նշանակման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Խոսքը գնում է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Մանուկյանի հայտարարությունների մասին։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»: