Տհաճ անակնկալներ են սպասվում
ՔաղաքականությունՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ նախընտրական ցուցակում անակնկալներ են սպասվում: Նման հայտարարություններ են անում նաեւ այլ կուսակցություններ: Ըստ ամենայնի, խնդիրը սեփական ցուցակների շուրջ ինտրիգ եւ հետաքրքրություն ձեւավորելն է, խոշոր հաշվով՝ նաեւ խորհրդարանի ընտրության շուրջ:
Ի՞նչ անակնկալներ են սպասվում այդ ցուցակներում: Օրինակ, ՀՅԴ դեպքում թերեւս մի անակնկալ կարող է լինել, եթե ասենք Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի այդ ցուցակում կամ նույնիսկ գլխավորի այն: Այլ պարագաներում անակնկալներ պետք չէ սպասել, քանի որ երկու տասնամյակի ընթացքում կուսակցությունների նախընտրական ցուցակները կազմվել են առուծախի, խարդավանքների ու կոնյունկտուրայի սկզբունքով:
Նույն ՀՅԴ-ի ցուցակներում տարբեր տարիներին այնպիսի մարդիկ են հայտնվել, որ այդ կուսակցության հիմնադիր հայրերը պարզապես կփշաքաղվեին: Չխոսելով արդեն մյուս կուսակցությունների մասին, որոնք բոլորը միասին իրենց ցուցակներով «լեգիտիմացրին» ու խորհրդարան բերեցին հայ հասարակության ողջ «ծաղիկը», որն էլ այս կամ այն կերպ՝ մուտացիաներով ու վերարտադրվելով պահպանում է պետական իշխանության լծակները, խորհրդարանից խորհրդարան դեգրադացնելով հանրային-պետական կյանքի բոլոր ոլորտները:
Առաջիկա «ընտրությունն» ու դրա արդյունքում կազմավորված խորհրդարանն իր բովանդակությամբ լինելու է այս շարունակական անկման արդյունքը: Առավել եւս ներկայում, երբ նոր Սահմանադրությամբ եւ նոր ընտրակարգի պայմաններում առաջացել են նոր իրողություններ: Մասնավորապես, խորհրդարանը դարձել է «առաձգական»՝ այսպես ասած նախնական տեղերը քչացել են՝ 101 մանդատ, սակայն որոշակի հանգամանքներում դրանք կարող են ավելանալ մինչեւ ներկայիս 131 տեղը:
Դա նշանակում է, որ մեծանում է մանդատի գինը, այն պայմաններում, երբ ներքին ռեսուրսները սպառվում են, իսկ հրմշտոցը՝ ավելանում: Ծառուկյանի վերադարձով այդ հրմշտոցը ստանալու է առավել մեծ մասշտաբներ, քանի որ ասպարեզ է մտնում մի մարդ, ով ի տարբերություն կուսակցությունների՝ կարող է ձայներ հավաքել:
Դա էլ նշանակում է, որ ավանդական նախընտրական առեւտուրն այս անգամ տեղափոխվելու է նաեւ անմիջապես քվեարկության ու հետընտրական փուլեր՝ այդպիսով բարձրացնելով խաղադրույքներն ու առեւտրի աստիճանը:
Կուսակցական ցուցակներում «անակնկալները» պետք է սպասել հենց այս իրողության ֆոնին: