Երիտասարդական մայրաքաղաք Կապանի բանալու հանձնումը կիրականացվի ապրիլին
Քաղաքականություն2021 թվականին երիտասարդական մայրաքաղաք հռչակված Կապանում ապրիլ ամսից սկսած մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
«Ակնկալում ենք, որ բանալու փոխանցման հանդիսավոր արարողությունն իրականացվելու է ապրիլ ամսին: Տարին հագեցած է լինելու տարբեր երիտասարդական միջոցառումներով, որոնց զգալի մասն իրականացվելու են Կապանում: Լինելու է կամավորության հետ կապված միջոցառում, անց է կացվելու երիտասարդական ֆորում, իրականացվելու է երիտասարդ աշխատողների վերապատրաստում»,- նշեց Մարտիրոսյանը:
Խոսելով 2020 թվականի տարեվերջին տեղի ունեցած ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասին, որի ժամանակ որոշվել էր, որ 2021 թվականին Հայաստանն է ստանձնում այդ խորհրդի նախագահությունը, ԿԳՄՍ փոխնախարարը շեշտեց, որ այն անցկացվելու է Կապանում:
«ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստն այս տարի անցկացվելու է աշնանը: Այն համընկնելու է մեկ այլ կարևոր միջոցառման՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» եզրափակիչ փուլի հետ: Մեր ԱՊՀ գործընկերներին հրավիրում ենք Կապան, այդ միջոցառումը նույնպես այնտեղ անցկացնելու համար»,- նշեց Մարտիրոսյանը:
Կապանը հռչակվել էր երիտասարդական մայրաքաղաք 2020 թվականին, սակայն, համավարակով պայմանավորված, միջոցառումները չանցկացվեցին: