Եթե մասնակցեմ ընտրություններին, մասնակցելու եմ անձամբ․ Միքայել Մինասյան
ՔաղաքականությունԸնտրությունները հնարավորություն է բոլորիս համար ցույց տալու՝ ով ով է։ Եթե մենք, ցավոք սրտի, հասել ենք այս ընտրություններին, պետք չէ այս ընտրություններին վերաբերվել որպես վերջին ճշմարտություն։ Ընտրությունների ավարտից հետո սկսվելու է նոր կյանք, որն իմ կարծիքով լինելու է մի քիչ ավելի վատը, քան նախորդը, որովհետև մարդիկ ամբողջ իրենց հույսը դնելու են ընտրությունների օրվա մեջ, այնուհետև ոչինչ չի փոխվելու։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միքայել Մինասյանը։
Մինասյանը նշեց, որ իր կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, բայց իր կյանքի նպատակն է Հայաստանը փրկել․ «Նիկոլ Փաշինյանը և Հայաստանն անհամատեղելի են, ինչ-որ մեկը պետք է չլինի»,-ասաց նա։
Մինասյանը հիշեցրեց, որ 1-ին և 3-րդ նախագահները հայտարարել են՝ չեն մասնակցելու ընտրություներին, 2-րդ նախագահը հայտարարել է, որ մասնակցելու է և հաղթելու է․ «Ես շատ եմ ուզում, որ իր մոտ ստացվի։ Ես չեմ մասնակցելու այդ ընտրություններին այդ թիմի կազմում, նույնիսկ կասեմ՝ ինչու։ Խոսքը չի վերաբերում 2-րդ նախագահին, ես չեմ գտել դեռ թիմ, որի գործողությունները և ռազմավարությունը միտված չէ անցյալը շտկելուն, այլ միտված է ապագային։ Ես քարոզում եմ անցյալի հետ համերաշխություն, նույնիսկ, եթե դա ցավոտ է»։
Մինասյանը հայտարարեց՝ եթե մասնակցի ընտրություններին, մասնակցելու է անձամբ, իր ընկերներից, համախոհներից և պրոֆեսիոնալներից բաղկացած թիմով, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունը տանել դեպի ապագա, դեպի փրկություն և փրկության ճանապարհի ստեղծումը։