Ինչ է կատարվում Գեղարքունիքում
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած համայնքներում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կմեկնարկեն մայիս ամիսից։ Իսկ մինչ այդ, ճշգրտումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերը մոտ 50 մետր նահանջել են Սոթքի հանքի տարածքում։ Այս մասին Lragir․am-ին ասաց Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։
Հարցին, թե ադրբեջանցիների նահանջը կապվա՞ծ է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ, Ավետյանը պատասխանեց․ «Այդ պրոցեսը դեռ երկար է տևելու, բայց երևի ինչ-որ մի ձև բացատրել են, որ՝ դուք շատ եք առաջ եկել։ Եվ նրանք հետ են գնացել։ Բայց ավելի ճշգրիտ այդ աշխատանքները պետք է եռակողմ ձևաչափով իրականացվեն՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։ Սահմանները մոտավոր չեն գծում, պետք է լուրջ աշխատանք տարվի։ Այդ աշխատանքները ասել են, որ մայիս ամսից են սկսվելու»։
Ըստ համայնքի ղեկավարի՝ ադրբեջանցիներն առանց որևէ միջադեպի մոտ 50 մետր հետ են գնացել։ Սահմանային գոտում կրակոցներ և այլ միջադեպեր չեն գրանցվել։
Հակոբ Ավետյանը նշեց, որ դեռ հայտնի չէ իրենց՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների համար որ քարտեզները պետք է հիմք ընդունվեն։ «Մենք չգիտենք՝ այդ աշխատանքների համար պետք է հիմք ընդունվեն Խորհրդային միության քարտեզները, թե՞ դրանից ավելի առաջվա»,- հավելեց նա։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Սոթքի հանքավայրի՝ հայկական կողմում մնացած հատվածը ներկայում շահագործվում է։