«Թերի եք կատարում հանձնարարությունները»․ վարչապետը կշտամբեց նախարարներին
ՔաղաքականությունԿառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախարարների կողմից տարեկան ծրագրերի մշակմանը և իր դժգոհությունը հայտնել դրանց կատարման վերաբերյալ: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ այդ առաջարկությունները միշտ չէ, որ իրագործելի են: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից՝ նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ, քննարկելու ենք տարեկան ծրագրերը»,- հանձնարարել է Կարապետյանը:
Վերջինն անդրադարձել է նաև կառավարությանն ուղղվող նամակներին: Ըստ վարչապետի, դրանք հաճախ վերահասցեագրվում են նախարարություններին և կառավարությանն առընթեր մարմիններին: «Սակայն երբեմն մարմիններից ստացվում են գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Պետք է այդ հարցերը համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման, մշակման ենթարկվեն»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ հետ ուղարկված գրությունների նկատմամբ հսկողությունը չի հանվելու: