Տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ
ՔաղաքականությունՄայիսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը և կողմերի համար կարևորություն ներկայացնող խնդիրներին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ: Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։
Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվեց բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը: