Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ Ռիոյում․ լուսանկարներ
ՍպորտNews.am-ի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր՝ օգոստոսի 13-ին, Ռիո դե Ժանեյրո քաղաքի օլիմպիական ավանում հանդիպում է ունեցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ:
Նախագահը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները ունենալու են հաջողություններ եւ հիշեցրել, որ այդ հաջողությունները նաեւ մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, եւ այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումը ավելի է արժեւորվելու:
«Ձեր երկրպագուները շատ են, բայց ձեր առաջին երկրպագուները, առաջին սատարողները Հայաստանի քաղաքացիներն են, ձեր մարզիչներն են, Օլիմպիական կոմիտեն է: Դուք ինձնից շատ լավ գիտեք՝ լարվել պետք չէ: Սպորտը այնպիսի բան է, որ միշտ կարող է լինել հաջողություն եւ անհաջողություն՝ կարեւորը, որ դուք կարողանաք ամբողջովին դրսեւորվել: Վերջին տարիներին բավականաչափ աճել է մրցանակների թիվը: Նորից եմ կրկնում, ամենակարեւորը այն է, որ դուք կարողանաք ամբողջովին դրսեւորվել»,- հանդիպման ընթացքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: