Նվեր Մնացականյա՞ն, թե՞ Անժելա Թովմասյան․ ո՞վ կփոխարինի Պետրոս Ղազարյանին
Հասարակություն«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելուց հետո մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրան փոխարինելու է հաղորդավար Նվեր Մնացականյանը։
Վերջինս Tert.am -ի հետ զրույցում մասամբ հաստատել է այդ տեղեկությունը:
«Պետրոսի հաղորդումը իր հաղորդումն է, եթե ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում հաղորդում վարեմ դա կլինի իմ հաղորդումը: Դեռ քննարկում ենք, աշխատանքային որոշակի պայմաններ քննարկել ենք»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկության «Քաղաքացիական ակտիվ քայլ» դեռ չգրանցված կուսակցության առաջնորդ, դերասան Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթերով ձայն տալը, կարծես թե, բավական ծանր է նստել «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար Պետրոս Ղազարյանի վրա։
Ըստ որոշ տեղեկությունների` Նվեր Մնացականյանի այլընտրանքը հաղորդավար, Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանն է, սակայն վերջինս հերքել է լուրն՝ ասելով.« Ես իմ սեփական հաղորդումն ունեմ, ինչ գործեմ ունեմ ուրիշի հաղորդման հետ, ընդ որում, նոր պրոեկտ եմ անում` «Հայելին ձեր տանը»»: