Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի. Ստանիսլավ Զաս
ՔաղաքականությունՀայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը․ փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում․ «Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Չի վատանում՝ սա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,-ընդգծել է Զասը։