Հիմա վարչատարածքային բաժանման ժամանակը չէ․ քննարկում Արցախի ԱԺ-ում
ՔաղաքականությունՀուլիսի 7-ին ԱՀ Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը:
Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը:
Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային բաժանման վերանայում է նախատեսում: Նախագծի հեղինակները համայնքների վերակազմավորման, օպտիմալացման անհրաժեշտություն են տեսնում:
Խոշորացման վերաբերյալ անպայման պիտի հաշվի առնվի բնակչության կարծիքը՝ խորհրդարանականները նման տեսակետ հնչեցրին: Նաև նշեցին, որ հիմա վարչատարածքային բաժանման ժամանակը չէ: Որոշվեց վերլուծել ընթացիկ իրավիճակն ու նախանշել զարգացման հեռանկարները:
Ըստ Սահմանադրության վարչատարածքային բարեփոխումները պիտի ավարտված լինեն մինչև 2021 թվականի մարտ ամիսը: Առկա իրողություններում առաջարկ հնչեցվեց այդ ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբեր: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց հավանությունը տվեցին: