Իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը
ՔաղաքականությունԼեզուն երկրի պատկերն է: Լեզուն չի կարող չմեռնել, եթե մեռնում է երկիրը: Լեզուն չի կարող չմեռնել քրջի շուկայում, որտեղ սակարկելու անհրաժեշտություն անգամ չկա, ինչ մնաց խոսելու: Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով:
Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից: Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն:
Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում:
Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը:
Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ