«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ»․ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Քաղաքականություն19 տարի առաջ՝ այս օրերին։
«Նոյյան Տապան»․ 1997 թ․, օգոստոսի 20։ «Այսօր Հայաստանը կանգնած է մեծ տերությունների ճնշման վտանգի առջեւ: Հայաստանին կարող է ներկայացվել այնպիսի փաստաթուղթ, որը անմիջական վտանգի կենթարկի Ղարաբաղի հայերի ֆիզիկական գոյությունն ընդհանրապես»․, — այսպիսի մտահոգություն հայտնեց Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Արա Սահակյանը՝ օգոստոսի 20-ին Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ռասլան Ալլուշի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Արա Սահակյանը նշեց, որ Ադրբեջանն այսօր ոչ միայն չի տալիս, այեւ անկարող է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության իրական երաշխիքներ: «Նման դեպքերի համար իսկապես անհրաժեշտ են շատ լուրջ երաշխիքներ,- ասաց Սիրիայի փոխարտգործնախարարը,- այլապես հարցը լուծում չի ունենա: Հայաստանն, իր աշխատունակ ժողովրդով, մեծ ապագա ունի եւ տարածաշրջանում խաղաղության եւ հավասարակշռության պահպանումը անհրաժեշտություն է: Դա նաեւ Սիրիայի, որպես այս տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված երկրի, օգտին է»: Անդրադառնալով «Խորհրդարանական միություն» միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության հարցին, պարոն Սահակյանը հավաստեց, որ ինչպես Սեուլյան, այնպես էլ առաջիկա Կահիրյան կոնֆերանսում հայ պատգամավորները պատրաստ են համագործակցված աշխատանքի իրենց սիրիացի եւ մյուս գործընկերների հետ