Զինհաշմանդամներին աշխատանքի տեղավորող գործատուին կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի
ՀասարակությունԿառավարությունն այսօր՝ օգոստոսի 12-ին, հաստատեց ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրելու մասին որոշման նախագիծը։
«Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրվում է՝ աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով»,- զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։