Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ԱշխարհՀայաստանի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով պետությունների եւ ժողովուրդների խաղաղ գոյատեւման ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից դեպի հարավ-արեւելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ, զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ։
Ազգային եւ կրոնական ատելության շարժառիթով զուգորդված, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը եւ Էդգար Գրիգորի Նարոյանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի եւ օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:
Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: