Իսրայելը հարվածել է Գազայի հատվածի թիրախներին
ԱշխարհԻսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
«Ոչ այնքան վաղուց ՑԱԽԱԼ-ի կործանիչները գրոհել են Հան-Յունիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասի, ինչպես նաև Ջաբալա տանող թունելի մուտքի վրա: Նաև հարված է հասցվել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա արձակման հրապարակին, որը գտնվում է Սաջայի քաղաքացիական տների և դպրոցների հարեւանությամբ»,-ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ:
Բանակը նշում է, որ հարվածները հասցվել են օգոստոսի 23-ի երեկոյան հրկիզիչ սարքերով օդապարիկները իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան, ինչը «ևս մեկ օրինակ է այն բանի, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է կիրառել ահաբեկչության տակտիկան և գրոհել խաղաղ բնակիչների վրա»: Իսրայելը կշարունակի վճռականորեն հակազդել ահաբեկչության բոլոր փորձերին, որոնք գալիս են Գազայից, ընդգծվում է զինվորականների հաղորդագրության մեջ: