ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱշխարհՄիացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին` նրանց մեղադրելով ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեռհարձակումների իրականացման համար:
Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հավելելով, որ Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է Ռուսաստանի Դաշնության 35 դիվանագետի, ու նույն պատճառաբանությամբ փակում է Միացյալ Նահանգների տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն:
Բացի այդ, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ու կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Մեկնաբանելով պատժամիջոցների սահմանումը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելուն, ինչպես նաև ամերիկացի դիվանագետներին ճնշելուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կրեմլում ԱՄՆ իշխանությունների գործողությունները որակել են որպես «կանխատեսված ագրեսիա 3 շաբաթից հեռացող մարդկանց կողմից», ինչպես նաև ցանկություն՝ վնասելու երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ թեև Ռուսաստանը չի շտապի, այնուհանդերձ` կձեռնարկի պատասխան քայլեր: