Գագիկ Սուրենյանը հունվար ամսվա համար կանխատեսումներ ունի
ՀասարակությունԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին հանրապետությունում առանց տեղումների եղանակը պահպանվելու է:
«Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի հատվածում և Վայոց ձերի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը, որը խիտ կլինի գիշերային և առավոտյան ժամերին, ինչի հետևանքով ճանապարհներին առաջանում է մերկասառույց»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանն այս երեք օրերին էապես չի փոխվի, իսկ հունվարի մեկի գիշերը միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին և հունվարի մեկին և երկուսին գտնվելու ենք այդ թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում: Հունվարի մեկին և երկուսին հանրապետությունում կամպի և հակապես Շիրակում, Կոտայքում Արագածոտնում, Երևանում Աարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում է թույլ ձյուն»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանն ասաց, որ ներկա պահին Թուրքիայում շրջաններ կան, որոնք պարալիզացվել են, ձյան ծածկը հասնում է երկուսից երեք մետրի, բայց այդ ցիկլոնը բեռնաթափվում է հենց ամբողջությամբ Թուրքիայի վրա և մեզ վրա շատ թույլ տեսքով է գալիս:
Անդրադառնալով հունվար ամսվա կանխատեսմանը՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունվարը դեկտեմբերի համեմատ ավելի տաք է լինելու: «Սակայն դա չի նշանակում, որ ջերմ գարնանային եղանակներ են սպասվում: Հունվարին նույնպես վայրիվերումները շատ մեծ են լինելու»,-ասաց նա և նշեց, որ ունենալու ենք ցուրտ ներխուժումներ, բայց կգտնվենք նաև արևադարձային տաք հոսանքների ազդեցության ներքո:
Նա հայտնեց, որ հունվարը տեղումնառատ է լինելու և տեղումների նորմայի սահմանների ավելի է լինելու՝ ինչպես դեկտեմբերը, առավելագույն ջերմաստիճանը Երևանում կանխատեսվում է +4-+5 աստիճան: