Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի։
Վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է: Օպերատիվորեն ժամանել է Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը և տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։
Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարել ՃՈ ծառայողները՝ ավագ հետաքննիչ Տ. Բաղյանի գլխավորությամբ, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։